Տեսազանգով հարցաքննությունը անընդունելի է, կսպասենք Ռ. Քոչարյանի վերադարձին. ՀՔԾ պետ (տեսանյութ)
Տեսազանգով հարցաքննություն Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, կսպասենք ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
«Հարցաքննության կանչելու, վկային հարցաքննելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են Քրեական դատավարության օրենսգրքով, և տեսակապով, տեսազանգով, որևէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն օրենսգիրքը չի նախատեսում»,- նշեց ՀՔԾ պետը:
«Մարտի 1-ի» գործով Հատուկ քննչական ծառայությունը նոր բացահայտումներ է արել քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննության է կանչվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով 2008 թ-ի մարտի 1-ին ՀՀ նախագահն էր։ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր. «Ռոբերտ Քոչարյանը պատշաճ կարգով ծանուցվել է, վարույթն իրականացնող մարմնին նաև տեղեկացրել են, որ մինչև հուլիսի 25-ը նա Հայաստանում չի լինելու»:
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նաև հայտնեց, որ «Մարտի 1-ի» գործով այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս հրավիրվել են հարցաքննության, սակայն նա անուններ չնշեց:
Ս. Խաչատրյանը նաև անդրադարձավ 2015 թ.-ին «Էլեկտրիկ Երևանի» օրերին լրագրողների նկատմամբ կիրառված բռնությանը և պատասխանելով հարցին՝ գործով տեղաշարժեր կլինեն, նա պատասխանեց. «Աշխատանքներ տարվում են և ձեռքբերված ապացույցների հիման վրա օբյեկտիվ գնահատականներ կտրվեն»:










