Վիեննայի օդանավակայանում ամերիկուհին փորձել է ինքնաթիռ նստել Երկրորդ համաշխարհայինից մնացած նռնակով

17:15 • 10.07.18

Վիեննայի միջազգային օդանավակայանում աշխատանքը ժամանակավորապես խաթարվել է Երկրորդ համաշխարհայինից մնացած նռնակի պատճառով, որը 60-ամյա ամերիկուհին փորձել է անցկացնել որպես հուշանվեր: Միջադեպին անդրադարձել է Kronen Zeitung-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կինը գտել է նռնակն անտառում, դրել այն ուսապարկի մեջ ու տարել հյուրանոց, որտեղ մաքրել է այն կեղտից՝ ճամպրուկը չկեղտոտելու համար:

Օդանավակայանում դեպի ԱՄՆ թռիչքից առաջ ստուգում անցնելու ժամանակ կինը հանել է նռնակը ճամպրուկից ու հարցրել՝ արդյոք ինքը կարող է տուն տանել այն:

Օդանավակայանի աշխատակիցներին ցնցել է ամերիկուհու անմիջականությունը: Նրանք անմիջապես արգելափակել են տերմինալն ու ուղեբեռային բաժանմունքը՝ վտանգավոր «հուշանվերը» վնասազերծելու համար:

Նշվում է, որ մասնագետները վնասազերծելու նպատակով անվտանգ վայր են տեղափոխել նռնակը, որը, պարզվել է, ժամանակին պատկանել է գերմանական Երրորդ Ռեյխի զինված ուժերին: