Պոմպեոն հայտնել է Պուտինի և Թրամփի բանակցությունների գլխավոր թեմաները

17:40 • 10.07.18

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչի մասին են նախևառաջ խոսելու Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հանդիպման ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հելսինկիում գագաթնաժողովի ժամանակ Թրամփի և Պուտինի բանակցությունների գլխավոր թեմաներն են դառնալու իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում»,- հայտարարել է նա:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները կհանդիպեն Ֆինլանդիայի մայրաքաղաքում՝ հուլիսի 16-ին: Կրեմլում հայտնել են, որ նախագահները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները և միջազգային օրակարգի արդի հարցերը:

Sky News Arabia-ին տված հարցազրույցում Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է «ստիպել ռուսներին, սիրիացիներին և իրանցիներին պահպանել քաղաքական պայմանավորվածությունները»: Նրա խոսքով՝ Վաշինգտոնի նպատակը Սիրիայի նոր սահմանադրության մշակումն է և հակամարտության քաղաքական լուծումը: Քաղաքական գործիչը հավելել է, որ Իրանը և իրանամետ զինված խմբավորումները պետք է հեռանան երկրից, քանի որ նրանց համար այնտեղ մնալու առիթ չկա:

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում անվտանգության գոտու վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման համար: