Թաիլանդում քարանձավից դուրս են բերվել բոլոր երեխաներն ու նրանց մարզիչը
Թաիլանդի հյուսիսում գտնվող և հորդառատ անձրևների հետևանքով տեղ-տեղ հեղեղված Թհամ Լուանգ քարանձավային համալիրից դուրս են բերվել հունիսի 23-ից այնտեղ թակարդված բոլոր երեխաներն ու նրանց ֆուտբոլային մարզիչը, գրում է ria.ru-ն։
«Տասներկուերորդ երեխան ու նրանց մարզիչը դուրս են բերվել քարանձավից և ուղևորվում են դաշտային հոսպիտալ»,-մանրամասնել են լրատվամիջոցները:
Հայտնի է, որ երեխաներին սպասվում է տևական կարանտին: Բժիշկները նրանց հետազոտելու են՝ առողջական վիճակի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար: Քանի որ երեխաները բավական թույլ են ու հյուծված, առաջին օրերին ծնողները նրանց կարող են տեսնել միայն ապակյա պատնեշից այն կողմ:
Հիշեցնենք, որ 11-16 տարեկան 12 երեխաներից բաղկացած խումբն իրենց մարզչի հետ մտել էր 7 կմ երկարությամբ քարանձավն ու հանկարծակի սկսված հորդառատ անձրևի հետևանքով զրկվել դուրս գալու հնարավորությունից: Հայտնի է, որ ջուրը փակել էր քարանձավի մուտքը՝ ներսում թակարդվածներին ստիպելով ավելի հեռանալ մուտքից ու պատսպարվել քարանձավի ամենախոր հատվածում: Ինը օր սոված ու լիակատար մթության մեջ մնալուց հետո նրանց օգնության էին հասել բժիշկներն ու զինծառայողները: Մի քանի օր անց սկսվել էր փրկարար գործողությունը, որն իրականացվել է 3 փուլով։










