Թրամփը «հիմար» է անվանել Պուտինին զանգահարել խորհուրդ չտվող օգնականներին. NYT

10:35 • 10.07.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս տարվա մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին, ովքեր դեմ էին նրանց զրույցին, «հիմար» է անվանել և կոչ է արել չլսել նրանց, գրում է New York Times-ը:

Մարտին Թրամփը զանգահարել է Պուտինին՝ նրան ընտրություններում գրանցած հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու համար: Կրեմլը հայտնել է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Նրանց զրույցից հետո Washington Post-ը, վկայակոչելով տեղեկացված պաշտոնյաների, հայտնել է, որ Թրամփն արհամարհել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականների նախազգուշացումները Պուտինին վերընտրվելու կապակցությամբ չշնորհավորելու մասին:

Պարբերականը, վկայակոչելով տեղեկացված աղբյուրի, հայտնել է, որ Թրամփն իր խորհրդականներին «հիմար» է անվանել:

«Հիմար մարդիկ են, դուք չպետք է նրանց լսեք»,- հայտարարել է Թրամփը ՌԴ նախագահին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները պատրաստվում են հանդիպել հուլիսի 16-ին, Հելսինկիում: