Ամենաընդունելի քաղաքապետը եղել է Տարոն Մարգարյանը. Կարինե Դանիելյան
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը և Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը մամուլի ասուլիսին անդրադարձան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին:
Կարինե Դանիելյանը նախ ներկայացրեց քաղաքաշինական խնդիրները, երբ կանաչապատ տարածքներում կառուցվում են սրճարաններ, ռեստորաններ և նույնիսկ օրինակ բերեց, որ օղակաձև այգին դարձել է օղակաձև ռեստորան:
Չնայած դրան՝ նա նշեց, որ ամենաընդունելի քաղաքապետը եղել է Տարոն Մարգարյանը և նրա օրոք ինչ-ինչ հարցեր հնարավոր է եղել լուծել: «Թեև ես դժգոհ եմ քաղաքի էկոլոգիական իրավիճակից, բայց կարծում եմ, որ դա ամբողջությամբ իրենից կախված չի եղել, այլ օլիգարխներից»,-ասաց նա և նշեց, որ տխրել է տեսնելով Տարոն Մարգարյանի ունեցվածքը բացահայտող տեսանյութը:
Կարինե Դանիելյանը նշեց, որ քաղաքապետարանի հետ շատ շփումներ է ունեցել և կոռուպցիոն դրսևորումներ չի տեսել, բավականին հարցերով դիմել է, բայց բացասական բան չի նկատել: «Համաձայն եմ, որ թերացումներ եղել են, բայց երբ համեմատում եմ նախորդ քաղաքապետերի հետ, ապա ամենաընդունելին է»,-ասաց նա:
Ռուբեն Բաբայանը նշեց, որ մեր երկրում կան մեխանիզմներ, որոնք չեն գործում, «թոզ փչելու» համար է, և ավագանին պետք է լիարժեք գործի, ոչ թե ստորադաս մարմին լինի: «Քաղաքապետարանը, որպես քաղաքի ղեկավարման կառույց, իր ավագանիով չէր գործում: Խնդիրը անձով էր պայմանավորված, եթե մենք ունենայինք ավելի լավ քաղաքապետ, քաղաքը ավելի կարգին էր լինելու, ոչ թե նրա շնորհիվ, որ լավ ավագանի էր ընտրվել»,-ասաց նա և նշեց, որ մեկ քաղաքապետի վրա ազդելը ավելի հեշտ է, քան ամբողջ ավագանու:
«Քաղաքապետարանը եղել է ամենակոռումպացված համակարգերից մեկը, սա գիտեն բոլորը, ովքեր այս կամ այն ձևով շփվել է քաղաքապետարանի հետ»,-ասաց նա:










