Թրամփին Բելգիայում դիմավորել են առանց ավելորդ հարգանքի
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բելգիա ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դիմավորելու համար օդանավակայան չի գնացել երկրի բարձրագույն ղեկավարությունը, հայտնում է korrespondent.net-ը՝ բելգիական լրատվամիջոցներին հղումով:
Հայտնի է, որ նման պահվածքի պատճառ է դարձել Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում կայացած Ֆրանսիա-Բելգիա հանդիպումը: Երկրի միապետ Ֆիլիպն ու արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դիդյե Ռեյնդերսը խաղին հետևելու համար գտնվել են Սանկտ Պետերբուրգում, իսկ վարչապետ Շառլ Միշելը՝ Բրեն լե Կոնտ քաղաքի՝ ֆուտբոլասերների համար նախատեսված հատուկ գոտում:
Ըստ այդմ՝ ԱՄՆ նախագահին ու առաջին տիկնոջն օդանավակայանում դիմավորել է ընդամենն ԱԳՆ-ի ներկայացուցիչը: Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մյուս ղեկավարներին էլ են նման մակարդակով դիմավորելու:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Բելգիա կատարած այցի ժամանակ Թրամփին դիմավորել էր վարչապետը, ինչից հետո ԱՄՆ նախագահը հյուրընկալվել էր միապետի պալատում:
Մինչդեռ Daily Mail-ը հավելում է, որ Թրամփը Բելգիա մեկնելուց առաջ իր թվիթերյան էջում հայտարարել է, որ Ամերիկան չի պատրաստվում «ամենայն երջանկությամբ» պաշտպանել եվրոպացի գործընկերներին, քանի դեռ նրանք խաբում են ԱՄՆ-ին առևտրային հարցերում:
«Եվրոպական Միությունը մեր ֆերմերների, աշխատավորների ու ընկերությունների համար անհնար է դարձնում Եվրոպայում բիզնես վարելը (ԱՄՆ-ն 151 մլրդ դոլար առևտրային պակասորդ ունի), բայց ուզում է, որ մենք ամենայն երջանկությամբ նրանց պաշտպանենք ՆԱՏՕ-ի միջոցով ու դեռ մի բան էլ վճարենք դրա համար: Դա այլևս չի անցնի»,-գրել է ԱՄՆ նախագահը:
Հայտնի է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ն լարված հարաբերությունների մեջ է ՆԱՏՕ-ի հետ: Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մեղադրում է ծախսերը երկրների միջև անարդար բաշխելու ու ԱՄՆ-ի վրա դրանց մեծ մասը թողնելու համար:
Ակնկալվում է, որ Թրամփը Բրյուսելում կայանալիք հանդիպումը կօգտագործի այս հարցը բարձրացնելու և Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամների վրա ավելի մեծ բեռ դնելու համար: Եթե երկրները հրաժարվեն նրա պահանջը կատարելուց, ԱՄՆ նախագահը կարող է հայտարարել ամերիկյան զորքն Ուկրաինայից դուրս բերելու մասին:











