Մերկելը պատասխանել է Թրամփի՝ «Գերմանիան Ռուսաստանի գերին է» արտահայտությանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն առ այն, որ Գերմանիան Ռուսաստանի գերին է ու ամբողջովին վերահսկվում է այդ երկրի կողմից:
Ինչպես նշում է BBC-ն, Մերկելն ընդգծել է, որ Գերմանիան ինքնիշխան պետություն է և որ Սպիտակ տան ղեկավարի քննադատությունը տեղին չէ:
«Այս առիթով կուզեի ասել, որ ես ինքս եմ հետևել՝ ինչպես է Գերմանիայի մի մասը վերահսկվել ԽՍՀՄ-ի կողմից: Ես այսօր շատ ուրախ եմ, որ միասնական ենք»,-ասել է Մերկելը:
Կանցլերը նկատել է, որ այժմ Գերմանիան ինքնուրույն քաղաքականություն է վարում ու սեփական որոշումները կայացնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ժամանել է Բելգիա, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ աշխատանքային նախաճաշի ժամանակ սեղանի շուրջ հայտարարել է, որ Գերմանիան ամբողջությամբ վերահսկվում է Ռուսաստանի կողմից:
«Գերմանիան ամբոջությամբ վերահսկվում է Ռուսաստանի կողմից: Նրանք իրենց էներգիայի 60-70%-ը վերցնում են Ռուսաստանից ու նոր գազատարից: Բայց դուք ինձ ասում եք, որ դա նորմալ է, սակայն ես այդպես չեմ կարծում»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ-ի 72-ամյա ղեկավարը նաև քննադատել է Բեռլինին պաշտպանական ծախսերի վրա խնայելու, բայց փոխարենը գազի դիմաց Ռուսաստանին միլիարդներ վճարելու համար:
«Այդ ամենից հետո Գերմանիան ցանկանում է, որ ԱՄՆ-ն պաշտպանի նրան Ռուսաստանից: Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն պետք է զբաղվի այս հարցով»,- շարունակել է Թրամփը:
Ստոլտենբերգը միջամտել է՝ նկատելով, որ թեև Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում կան տարաձայնություններ, այնուհանդերձ՝ իրենք ավելի ուժեղ են միասին, քան առանձին:
«Բայց ինչպե՞ս ՆԱՏՕ-ն կարող է ավելի ուժեղ լինել, երբ Գերմանիան հարստացնում է Ռուսաստանին: Ինչպես հասկանում եմ՝ Գերմանիան Ռուսաստանի գերին է»,-ասել է ԱՄՆ նախագահը:










