Ռուսաստանը շարունակում է խնդիրներ ստեղծել միջազգային ասպարեզում. Կանադայի վարչապետ

17:24 • 11.07.18

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Ռուսաստանին մեղադրել է միջազգային ասպարեզում խնդիրներ ստեղծելու համար: Տրյուդոն համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Լատվիա կատարած այցի ժամանակ, գրում է The Globe and Mail-ը:

«Ռուսաստանն առաջվա պես շարունակում է լինել երկիր, որը ձգտում է խախտել ու ապակայունացնել կարգուկանոնի հիման վրա սահմանված համաշխարհային կանոններն ու միջազգային ասպարեզում խնդիրներ ստեղծել»,-ասել է Տրյուդոն՝ իր խոսքում հիշատակելով Դոնբասը, Ղրիմը, Սոլսբերիում ռուսական հետախուզության նախկին աշխատակցի ու նրա դստեր թունավորման աղմկահարույց դեպքը:

Միևնույն ժամանակ, Կանադայի վարչապետը հայտնել է, որ առաջվա պես ցանկանում է կառուցողական  համագործակցություն վարել Ռուսաստանի հետ:

Տրյուդոյի խոսքով՝ ներկայում Կանադան Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններ ունի, քանի որ ռուսական կողմի գործողություններն անհամատեղելի են աշխարհակարգի հիմքերի ու ժողովրդավարական արժեքների հետ:

Կանադայի վարչապետը հույս է հայտնել, որ հուլիսի 16-ին Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպմանը կողմերին կհաջողվի դրական արդյունքի հասնել: