Գերմանիան Ռուսաստանի գերին է. Թրամփ (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ժամանել է Բելգիա, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ աշխատանքային նախաճաշի ժամանակ սեղանի շուրջ հայտարարել է, որ Գերմանիան ամբողջությամբ վերահսկվում է Ռուսաստանի կողմից, գրում է CNN-ը:
«Գերմանիան ամբոջությամբ վերահսկվում է Ռուսաստանի կողմից: Նրանք իրենց էներգիայի 60-70%-ը վերցնում են Ռուսաստանից ու նոր գազատարից: Բայց դուք ինձ ասում եք, որ դա նորմալ է, սակայն ես այդպես չեմ կարծում»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ-ի 72-ամյա ղեկավարը նաև քննադատել է Բեռլինին պաշտպանական ծախսերի վրա խնայելու, բայց փոխարենը գազի դիմաց Ռուսաստանին միլիարդներ վճարելու համար:
«Այդ ամենից հետո Գերմանիան ցանկանում է, որ ԱՄՆ-ն պաշտպանի նրան Ռուսաստանից: Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն պետք է զբաղվի այս հարցով»,- շարունակել է Թրամփը:
Ստոլտենբերգը միջամտել է՝ նկատելով, որ թեև Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում կան տարաձայնություններ, այնուհանդերձ՝ իրենք ավելի ուժեղ են միասին, քան առանձին:
«Բայց ինչպե՞ս ՆԱՏՕ-ն կարող է ավելի ուժեղ լինել, երբ Գերմանիան հարստացնում է Ռուսաստանին: Ինչպես հասկանում եմ՝ Գերմանիան Ռուսաստանի գերին է»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Հայտնի է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ն լարված հարաբերությունների մեջ է ՆԱՏՕ-ի հետ: Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մեղադրում է ծախսերը երկրների միջև անարդար բաշխելու ու ԱՄՆ-ի վրա դրանց մեծ մասը թողնելու համար:
Ակնկալվում է, որ Թրամփը Բրյուսելում կայանալիք հանդիպումը կօգտագործի այս հարցը բարձրացնելու և Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամների վրա ավելի մեծ բեռ դնելու համար: Եթե երկրները հրաժարվեն նրա պահանջը կատարելուց, ԱՄՆ նախագահը կարող է հայտարարել ամերիկյան զորքն Ուկրաինայից դուրս բերելու մասին:










