Գուցե հիմա կա տեխնոլոգիա՝ «Չերյոմուխայի» օգտագործման նույնականացում իրականացնելու համար, որ պարզվի, թե ում գործողության արդյունքում է եղել զոհ. Ս. Նիկոյան (տեսանյութ)
Հայաստանում կա նոր իշխանություն, բավական փոփոխություններ են կատարվել իրավական համակարգում: Բոլոր խոչընդոտները, որոնք իբրև կային նախկինում, որոնց մասին դուք խոսում էիք, այլևս չկան: Մնում է, որ դատաիրավական համակարգը տա պատասխան. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարտի 1-ի հարցով խորհրդարանական նախկին հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ խոսելով Մարտի 1-ի գործի մասին:
Անդրադառնալով Մարտի 1-ի գործով ընթացքող քննությանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելուն ու պաշտպանության նախկին նախարարին առաջադրված մեղադրանքին, նա ասաց. «Իմ պատասխանը 10 տարում չի փոխվել: Ես կրկնել եմ ու կրկնում եմ, որ դատաիրավական համակարգի խնդիրն է դա, ինքը պետք է որոշի՝ ում պետք է հրավիրի հարցաքննության, ում ոչ: Ես չպետք է հուշեմ՝ ում հրավիրել»:
Սամվել Նիկոյանը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովի առջև խնդիր է դրվել` գտնել, թե պահեստներից համազգեստները ովքեր ու երբ էին տրամադրել: «Կազմավորվեց աշխատանքային խումբ, գործուղվեցին պահեստներ, ստուգումներ եղան, մնացորդը, հաշվապահությունը ստուգվեց: Բոլոր այդ նյութերը՝ սկսած գրավոր հարցումներից ու պատասխաններից, որոնք առնչվում են Մարտի 1-ին, ԱԺ արխիվում են, եթե ՀՔԾ-ն չի վերցրել օգտագործելու համար»,- ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ գործը վերաբացվեց, Ս. Նիկոյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում հիմա քաղաքական հայտարարություններ անել: Մենք մեկ անգամ դիմել էինք ԱԺ-ին՝ երկարացնելու հանձնաժողովի աշխատանքը: Դրանից հետո առաջարկ է եղել ստեղծել մոնիթորինգի խումբ, որը պետք է հետևի պատկան մարմինների աշխատանքին: Մեր հաշվետվության մեջ կար նման առաջարկ: Պարտականությունը դրվեց պետաիրավական հանձնաժողովի դիմաց: Ինչ-որ ժամանակ դա գործեց, հետո դադարեցրեց գործողությունները: Հանձնաժողովը գտնում էր, որ անհրաժեշտություն կա հետևյալի՝ եթե որևէ երկրում կա փորձագիտական խումբ կամ համապատասխան տեխնոլոգիա, որը կարող է «Չերյոմուխայի» օգտագործման նույնականացում իրականացնել, ապա դա կլինի ամենակարևոր հարցի պատասխան տվողը, թե ում գործողությունների հետևանքով է տեղի ունեցել զոհը: Այս հարցն այսօր երկրորդ պլան է մղվել, բայց պետք է ճշտել, իմանալ, թե ում հետևանքով է եղել զոհը: Այն ժամանակ հնարավոր չէր նույնականացում անել, միգուցե հիմա հնարավոր է»:
Սամվել Նիկոյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը այդ օրերի ցույցներին, այն պնդումներին, որ նա պատասխանատվություն կրողներից մեկն է: Նա հիշեցրեց, որ իր ելույթում դիմել էր առաջին նախագահին՝ հարցադրում անելով՝ ինչու նա չէր եկել Ազատության հրապարակ ու մարդկանց հանդարտվելու կոչեր չէր արել: «Իսկ ընդդիմության մյուս մասը կոչերով մարդկանց ասաց՝ մնացեք, ամրապնդեք ձեր դիրքերը: Արդյո՞ք բարոյական պատասխանատվություն չեն կրում այդ մարդիկ»,- նշեց նա:










