«Նրանք այլևս սահմանին երաժշտություն չեն միացնում ու հրթիռներ չեն փորձարկում». Թրամփը՝ Հս. Կորեայի հարցում առաջընթացի մասին

17:24 • 12.07.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խոսել է բազմաթիվ կարևոր հարցերի՝ այդ թվում նաև Հյուսիսային Կորեայի  ղեկավար Կիմ Չեն Ընի հետ պատմական հանդիպումից հետո արձանագրված առաջընթացի մասին, գրում է Tհe Guardian-ը:

«Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից ի վեր Հյուսիսային Կորեան շատ բան է արել: Նրանք այլևս երաժշտություն չեն միացնում սահմանին (նկատի ունի քարոզչական բնույթի երգերը, որոնք միացվում էին Հարավային Կորեայի հետ սահմանին տեղակայված բարձրախոսներով-tert.am): Բացի այդ, նրանք այլևս հրթիռային փորձարկումներ չեն անում»,-ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Սինգապուրում պատմական հանդիպում է տեղի ունեցել Թրամփի ու Կիմ Չեն Ընի միջև: Դրանից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Փհենյանը Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացմանը համաձայնություն է տվել: