Իլհամ Ալիևը մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան. Փաշինյանը՝ Լատվիայի նախագահին
ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին օրից ես տեսել եմ լարվածության աճ Արցախի հետ սահմանին և նաև հայ-ադրբեջանական սահմանին։ Բրյուսելից Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս մասին Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Իմ կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշակի մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան, և փորձում են լարվածություն առաջացնել դա կանխելու համար»,-ասաց նա։
Փաշինյանը հույս հայտնեց, որ տարածաշրջանում իրավիճակը սրելու ցանկացած փորձի միջազգային հանրությունը կհակազդի։ Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանի ժողովրդավարական փոփոխություններն այս երկրները միմյանց ավելի մոտ կդարձնեն:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է:
Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:













