Ռուսաստանում ազատ են արձակել առևանգված հայազգի գործարարին (տեսանյութ)
Ռուսաստանի քննչական կոմիտեն հրապարակել է «Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի առևանգված սեփականատեր Սերգեյ Բուդագովի ազատ արձակման տեսանյութը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործարարն իրեն նորմալ է զգում: Հատուկ գործողության ընթացքում նա քնած է եղել, նրան արթնացրել են ուժայինները:
Գործարարին ազատելու համար հանցագործները պահանջում էին 20 միլիոն ռուբլի: Առևանգման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հուլիսի 10-ին ռուսական Օրյոլ քաղաքի տարածքում գտնվող այգեգործական միության մոտ անհայտ անձինք կանգնեցրել են Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենան, որում եղել է «Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովը: Սպառնալով զենքի գործադրմամբ՝ անհայտ անձինք նստել են տրանսպորտային միջոցը և այն տարել գերեզմանի տարածք, որտեղ կանգնեցրել են մեքենան, ինչից հետո կապել են վարորդին և նրան թողել ավտոմեքենայի սրահում, իսկ ուղևոր Բուդագովին նստեցրել են մեկ այլ ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ:
ՌԴ քննչական կոմիտեի Օրյոլի մարզի գլխավոր վարչությունը քրեական գործ էր հարուցել խոշոր գործարար Բուդագովի առևանգման փաստով:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Սերգեյ Բուդագովը հայկական ծագում ունի, ծնվել է Վրաստանում, այնուհետև տեղափոխվել է Ռուսաստան:










