Մեծ Բրիտանիայում Թրամփի այցի դեմ ցույցեր են ընթանում (լուսանկարներ, ուղիղ միացում)
Մեծ Բրիտանիայի բնակիչները դուրս են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի և նրա վարած քաղաքականության դեմ ցույցերի, հայտնում է CNN-ը:
ԱՄՆ առաջնորդի ծրագիրը կազմակերպվել է այնպես, որ նա խուսափի ցույցերից: Չնայած նրան, որ Թրամփը պնդում է, որ շատ սիրված է Մեծ Բրիտանիայում, նա խոստովանել է, որ նախատեսվող ցույցերի պատճառով նա իրեն «անցանկալի» է զգում երկրի մայրաքաղաքում:
Ցուցարարներն առավոտյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի առաջ մանուկ Թրամփի տեսքով ահռելի փուչիկ են բերել՝ այդկերպ, ինչպես իրենք են նշում, փորձելով խոսել նախագահի հետ «այն լեզվով, որը նա է հասկանում, այսինքն՝ անձնական վիրավորանքների լեզվով»:
Ցուցարարները բողոքում են կանանց նկատմամբ Թրամփի վերաբերմունքի, մուսուլմանների համար երկիր մուտք գործելու արգելքի և ԱՄՆ-ի սահմանին ներգաղթյալների երեխաներին իրենց ընտանիքներից բաժանելու հետ կապված քաղաքականության դեմ:
«Stop Trump» անվանումով նախաձեռնության ցույցը, որն ավարտվելու է Թրաֆալգարյան հրապարակում, Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում նախատեսվող տասնյակ միջոցառումների հետ միասին ստացել է «դիմադրության դիմակահանդես» անունը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը 2017 թվականին Թրամփին հրավիրել էր այցելել երկիր, ինչից հետո համացանցում Թրամփի պետական այցը թույլ չտալու դիմումով խնդրագիրն ավելի քան 1,8 միլիոն ստորագրություն է հավաքել: Հարցը քննարկվել է խորհրդարանում, որտեղ որոշում է կայացվել, որ Թրամփն իր այցի ընթացքում խորհրդարանում ելույթ չի ունենա: Թրամփը մի քանի անգամ հետաձգել է իր այցը, և այժմ Մեծ Բրիտանիայում է ավելի ցածր մակարդակի՝ աշխատանքային այցով:




























