Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի առթիվ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել
Վայոց ձորի մարզում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպը ոստիկանությունն ուսումնասիրել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հանգամանքներ են պարզվել գրանցված միջադեպի վերաբերյալ:
«Նշված միջադեպն ուսումնասիրվել է, բացի այդ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել»,-հայտնեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց ձորի թեմ), որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։
Հավաքվածները տեղեկացնում էին, որ իրենք Վեհափառի համար որևէ վտանգ չեն ներկայացնում և պահանջում էին, որ նա իջնի մեքենայից։ Ոստիկանների ժամանումից հետո միայն Գարեգին Բ-ն կարողացել էր դուրս գալ շրջափակումից:










