Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպման մասին պայմանավորվածություն չի եղել. Տիգրան Բալայան

11:47 • 16.07.18

Բրյուսելում կայացած արտգործնախարարների հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպման մասին պայմանավորվածություն չի եղել:

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Շեշտեմ, որ արտգործնախարարների հանդիպումը ճանաչողական էր»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարող ասել, որ հանդիպման մասին ինչ-որ կոնկրետ պայմանավորվածություն է եղել։

Ըստ Տիգրան Բալայանի՝ արտգործնախարարների հանդիպմանը պայմանավորվածություն է եղել, որ կոնտակտը շարունակական լինի:

«Կար ոչ պաշտոնական մակարդակով հնչեցված տեսակետ, թե միգուցե նախընտրական շրջանում ինչ-որ դադարներ լինեն, մենք գտնում ենք՝ նախընտրական շրջանը խոչընդոտ չի կարող հանդիսանալ բանակցային գործընթացին»,- ասաց նա:

Տիգրան Բալայանի խոսքով՝ լավ ձևակերպում այս համատեքստում տվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, որ կարևորագույնը Արցախի անվտանգության և ինքնորոշման հարցն է: