Ադրբեջան այցելած հայկական արմատներով տեսաբլոգերը հայտնել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է և նա անվտանգ վայրում է (տեսանյութ)

16:25 • 16.07.18

Հայկական արմատներով Բելառուսի քաղաքացի Վլադիսլավ Մովսեսովը, որը վերջերս այցելել էր Ադրբեջան և սպառնալիքներ ստացել, YouTube-ում տեսանյութ է հրապարակել, որում հայտնել է, որ նա անվտանգ վայրում է և իր հետ ամեն ինչ կարգին է:

«Ընկերնե՛ր: Դեռ երեկ երեկոյան ես հասել եմ անվտանգ վայր: Այժմ YouTube եմ կարողացել մտնել և ուրախությամբ հայտնում եմ, որ ամեն ինչ լավ է: Հետապնդումը մնացել է սահմանից այն կողմ: Ադրբեջանը լռում է և լավ է»,- գրել է նա տեսանյութն ուղեկցող տեքստում:

Տեսանյութում բլոգերը շնորհակալություն է հայտնել իր վտանգի մեջ լինելու ահազանգը տարածողներին և իրեն աջակցողներին:

«Ես այժմ վտանգի մեջ չեմ: Ինձ հետ ամեն ինչ լավ է: Դուք չեք պատկերացնում՝ դրանք պարզապես հիանալի նորություններ են: Մեզ հեշտությամբ չեն կոտրի»,- ասել է տեսանյութում բլոգերը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մովսեսովի հետ, որը տեսանյութ էր հրապարակել և հայտարարել, որ Ադրբեջան կատարած այցից հետո իր կյանքին վտանգ է սպառնում։ Հաղորդվել էր, որ քայլեր են ձեռնարկվում գնահատելու այդ վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար:


Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերն ավելի վաղ հայտնել էր սպառնալիքներ ստանալու մասին և տեսաուղերձ հրապարակել: Բելառուսական անձնագրով և հայկական արմատներով բլոգերը ժամանել էր Ադրբեջան և այցելել Գյանջայում (Գանձակ, նախկինում՝ Կիրովաբադ) իր ծնողների տուն: