Մեկ տարի առաջ և հիմա «Հյուսիս-Հարավի» 556 կմ-ից շահագործման է հանձնված 31 կմ-ն.կա 480 մլն դոլարի և 60 մլն եվրոյի համաձայնագիր, ծրագրի ավարտի մասին հայտնի չէ
«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման սկզբից՝ 2012-ի սեպտեմբերից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ծախսվել է շուրջ 150.3 մլն ԱՄՆ դոլար և 23,14 մլն եվրո գումար, կառուցապատվել՝ 31 կմ ճանապարհ: Այս մասին Tert.am-ին հայտնել էին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից նախորդ տարվա օգոստոսին:
Այս տարի, Tert.am-ի հարցմանը, թե «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման սկզբից մինչև 2018 թվականի հունիսի 28-ը որքան ճանապարհ է կառուցվել, մեկ տարի անց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնել են՝ 31 կմ ճանապարհ, բայց 28 կմ ճանապարհ բետոնապատվել է, կատարվել են հողային աշխատանքներ: Ճանապարհի կառուցման համար էլ 3 բանկի հետ ստորագրվել է 480 մլն դոլարի և 60 մլն եվրոյի համաձայնագիր:
Ճանապարհի ավարտի ժամկետ նախարարությունը չի նշում, անհրաժեշտ գումարի չափ ևս: Ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ միջոցները կարող են հստակեցվել դեռևս չվերակառուցվող ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերը պատվիրելուց և դրա արդյունքներն ունենալուց հետո:
Հարցին, թե 2018 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի ավարտը որքան ճանապարհ է կառուցվել, նախարարությունից հայտնել են, որ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի ավարտը «Տրանշ 2»-ի շրջանակում իրականացվող Մ1 Աշտարակ-Թալին ավտոճանապարհի կմ 29+600-ից մինչև կմ 71+500 (շուրջ 42 կմ) վերակառուցման և բարելավման աշխատանքների մասով իրականացվել են շուրջ 6,8 կմ ճանապարհի վերակառուցման աշխատանքներ: «Տրանշ 3»-ի շրջանակում վերակառուցվող Թալին-Լանջիկ (18,7 կմ) հատվածում առաջընթացը կազմում է 22%, իսկ Լանջիկ-Գյումրի հատվածում (27,5 կմ)` 16%:
Նախարարությունից հայտնել են, որ 2018-ի հունիսի 28-ի դրությամբ «Հյուսիս-Հարավ» մայրուղու ընդհանուր երկարության քանի կմ ճանապարհ է կառուցվել, ՏԿՏՏ նախարարությունից հայտնել են, որ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության համար ներգրավված վարկային միջոցները նախատեսված են Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ շուրջ 31 կմ («Տրանշ 1»), Աշտարակ-Թալին` շուրջ 42 կմ («Տրանշ 2»), Թալին-Լանջիկ՝ շուրջ 18,7 կմ և Լանջիկ-Գյումրի՝ շուրջ 27,5 կմ («Տրանշ 3») ճանապարհի վերակառուցման համար: Նշված ծրագրերից «Տրանշ »-ի ներքո վերակառուցված 31 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածը հանձնված է շահագործման, «Տրանշ 2»-ի շրջանակներում հարցվող ժամկետի դրությամբ իրականացված է՝ շուրջ 28 կմ բետոնյա պատվածք (ընդհանուր պատվածքի շուրջ 30%-ը), արհեստական կառույցների շուրջ 80% և հողային աշխատանքների շուրջ 60%։ «Տրանշ 3»-ում` նշված դրությամբ իրականացված են մոտ 30% հողային աշխատանքներ և արհեստական կառույցների մոտ 20%-ը:
Թե երբ է նախատեսվում ավարտել ճանապարհի կառուցումը, նախարարությունը դեռ չգիտի, որովհետև դեռևս կնքված չեն ճանապարհի մյուս հատվածները վերակառուցելու վարկային համաձայնագրերը. «Մայրուղու կառուցման վերջնաժամկետը հնարավոր է հստակեցնել միայն ֆինանսավորման հարցը ճշգրտելուց հետո»,-ասվում է նախարարության պատասխանում:
Հարցին, թե Ճանապարհի կառուցման համար որ բանկից որքան վարկ է վերցվել մինչ այժմ, նախարարությունից հայտնել են, որ ճանապարհի կառուցման համար մինչ օրս վարկային համաձայնագրեր են կնքվել Ասիական Զարգացման Բանկի, Եվրասիական Զարգացման Բանկի և Եվրոպական Ներդրումային Բանկի հետ: Կնքվել է շուրջ 480 մլն դոլարի և 60 մլն եվրոյի համաձայնագիր:
• Ասիական Զարգացման Բանկ
1. Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր - «Տրանշ 1»,
· Վարկը` 60.0 մլն ԱՄՆ դոլար,
· Ծրագրի նպատակը՝ Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ շուրջ 31 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների վերակառուցում և բարելավում:
2. Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր - «Տրանշ 2»
· Վարկը՝ 170.0 մլն ԱՄՆ դոլար,
· Ծրագրի նպատակը՝ Աշտարակ-Թալին շուրջ 42 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի կառուցում և բարելավում:
3. Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր` «Տրանշ 3»
· Վարկը` 100 մլն ԱՄՆ դոլար,
· Ծրագրի նպատակը՝ Թալին-Լանջիկ՝ շուրջ 18,7 կմ ճանապարհահատվածի վերակառուցում։
• Եվրոպական Ներդրումային Բանկ
4. Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր` «Տրանշ 3»
· Վարկը՝ 60.0 մլն եվրո,
· Ծրագրի նպատակը՝ Լանջիկ-Գյումրի շուրջ 27,5 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի 90+200 կմ-ից մինչև 117+670 կմ (Լանջիկ-Գյումրի հատված) վերակառուցման աշխատանքների իրականացում:
• Եվրասիական Զարգացման Բանկ
5. Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր («Տրանշ 4», Քաջարան-Ագարակ ենթահատված)
· Վարկը՝ 150.0 մլն ԱՄՆ դոլար,
· Ծրագրի նպատակը՝ Քաջարան-Ագարակ շուրջ 32.0 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի կառուցում:
Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ:










