Իրանը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան

17:07 • 16.07.18

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու համար բողոք ներկայացնելով ԱՄՆ-ի դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր Իրանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան, որպեսզի ԱՄՆ-ն պատասխանատվություն կրի միակողմանի պատժամիջոցները երկրորդ անգամ անօրինական ձևով սահմանելու համար: Իրանը հանձնառու է օրենքի գերակայությանը ԱՄՆ-ի կողմից դիվանագիտության և իրավական պարտավորությունների արհամարհման դիմաց: Անհրաժեշտ է դիմակայել միջազգային օրենքը խախտելու նրանց սովորությանը»,- ասված է նախարարի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015-ին: Թրամփը հայտարարել էր նաև բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր համաձայնագրի կնքումից հետո: Վաշինգտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ գործարքի պայմանները: