Մոգերինին Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ կոչ է արել ԱՄՆ-ին հիշել, թե ովքեր են իրենց ընկերները

13:07 • 16.07.18

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Հելսինկիում ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունների մեկնարկից առաջ հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը պետք է հիշի՝ ովքեր են իրենց ընկերները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հստակ պատկերացում ունենք, թե ովքեր են մեր ընկերները, դա ԱՄՆ-ն է, և վարչակազմի փոփոխությունը չի փոխում բարեկամությունը, և ես հուսով եմ, որ ամերիկյան վարչակազմը հստակ պատկերացում ունի ընկերների մասին»,- ասել է Մոգերինին լրագրողներին՝ Բրյուսելում ԵՄ արտաքին հարցերով խորհրդի նիստից առաջ:

Հիշեցնենք, որ Հելսինկիում երկուշաբթի տեղի են ունենալու ՌԴ և ԱՄՆ առաջնորդների բանակցությունները: Կրեմլում հայտնել են, որ Պուտինը և Թրամփը մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: