Պուտինն ու Թրամփը հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությամբ հանդես չեն գա. Պեսկով

09:26 • 16.07.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի՝ հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք դեմառդեմ հանդիպման արդյունքներով համատեղ գրավոր հայտարարություն չի արվի, տեղեկացրել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մանրամասնելով, որ երկու պետությունների ղեկավարները հանդիպման արդյունքները կներկայացնեն բանավոր:

«Ծրագրված չէ որևէ գրավոր հայտարարությամբ հանդես գալ: Դա նման հանդիպումների ձևաչափին բնորոշ չէ: Երկրների ղեկավարները մտադիր են համատեղ մամուլի ասուլիս անցկացնել, որի ժամանակ հանդես կգան հայտարարություններով, բայց միայն բանավոր»,-Պեսկովի խոսքը մեջբերում է ria.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտին-Թրամփ հանդիպումը կտևի 3 ժամ: Այդ ընթացքում կքննարկվեն մի շարք կարևոր հարցեր՝ այդ թվում նաև Սիրիայում Իրանի ռազմական ներկայությունը:

Հայտնի է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն օրերս հայտարարել էր, որ Պուտինի ու Թրամփի միջև կայանալիք հանդիպման կատարյալ արդյունքը կլիներ առանցքային հարցերի շուրջ քննարկման ուղիների վերականգնումը: 

Լավրովն ընդգծել էր, որ ռուսական կողմն ակնկալում է պայմանավորվել ԱՄՆ-ի հետ բոլոր բարդ հարցերի շուրջ հեռահաղորդակցման ուղիների վերականգնման մասին: