Արքայազն Ուիլյամն ու Չարլզն արհամարհել են Թրամփին՝ հրաժարվելով հանդիպել նրա հետ. The Times
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն ու նրա որդին՝ արքայազն Ուիլյամը, չեն ցանկացել ներկա գտնվել թագուհի Էլիզաբեթ 2-րդի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը, գրում է The Times-ը՝ քաջատեղյակ աղբյուրին հղումով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 92-ամյա միապետը, սովորաբար, նման հանդիպումների ժամանակ միայնակ չի լինում. նրան միշտ որևէ մեկն ուղեկցում է:
«Նրանք ուղղակի հրաժարվել են ներկա լինել հանդիպմանը: Դա չափազանց տարօրինակ է, որ թագուհին նման հանդիպմանը միայնակ է ներկայանում: Սովորաբար, նրան ինչ-որ մեկն ընկերակցում է»,-նշել է աղբյուրը:
Հայտնի է, որ արքայազն Չարլզն ու Ուիլյամը ոչ պաշտոնական զրույցների ժամանակ խոստովանել են, որ ցանկություն չունեն Միացյալ Նահանգների ղեկավարի քառօրյա այցի ընթացքում ներկա լինել նրա մասնակցությամբ միջոցառումներին:
Հիշեցնենք, որ Թրամփն Էլիզաբեթ 2-րդի հետ առաջին հանդիպման ժամանակ թույլ է տվել միանգամից 3 սխալ, ինչի պատճառով բրիտանացիները նրան մեղադրել էին թագուհու նկատմամբ անհարգալից վարք դրսևորելու համար: Նախևառաջ ԱՄՆ նախագահը 12-15 րոպե ուշացել էր հանդիպման նախանշված ժամից՝ տարեց միապետին ստիպելով սպասել:
Երբ նախագահական զույգին Վինձորյան պալատ տեղափոխող սև Range Rover-ը տեղ էր հասել, Թրամփը տիկնոջ հետ իջել էր մեքենայից ու անմիջապես թույլ տվել 2-րդ սխալը. նա հրաժարվել էր գլուխ տալով ողջունել թագուհուն ու փոխարենը սեղմել էր նրա ձեռքը:
Թրամփը երրորդ սխալը թույլ էր տվել թագուհու հետ պալատի այգում զբոսնելիս: ԱՄՆ նախագահն առաջ է ընկել թագուհուց ու բառացիորեն մեջքով կանգնել նրան: Տեսնելով, որ Թրամփը չի պատրաստվում շրջվել՝ Էլիզաբեթ 2-րդը պտտվել է նրա շուրջ ու դժգոհ դեմքով մոտեցել նախագահին: Մինչդեռ հայտնի է, որ թագուհու հետ հանդիպման ժամանակ չի կարելի նրան մեջքով կանգնել, առավել ևս՝ նրանից առաջ անցնել:










