Հունաստանում ՀՀ դեսպանությունում գործում է թեժ գիծ հրդեհների հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիների համար

11:29 • 24.07.18

Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ: 

Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանատունը:

«Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով»,-ասված է գրառման մեջ:

Աթենքի արվարձաններում բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 50-ի: Տուժել է առնվազն 156 մարդ: Ավելի վաղ Հունաստանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսը հայտնել էր տվյալներ 20 զոհվածների և 69 հոսպիտալացվածների մասին:

ERT-ի տեղեկություններով՝ տուժածներից շատերը գտնվում են օրհասական վիճակում: Փրկարարական ծառայությունների և ձկնորսների կողմից ավելի քան 700 մարդ է փրկվել լողափերից, ուր մարդիկ փախել էին կրակից: Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, հուլիսի 24-ի առավոտվա դեմ հրդեհների մեծ մասը հաջողվել է վերցնել հսկողության տակ: Սաստիկ քամին հանդարտվել է, որը վերջին օրերին նպաստում էր կրակի տարածմանը: Կրակի մարմանը գործի են դրված հրշեջ ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

Հունաստանում հուլիսի սկզբից շոգ եղանակ է հաստատվել, վերջին օրերին օդի ջերմաստիճանը հասնում է 38 - 40 աստիճանի: Հուլիսի 23-ին Աթենքի շուրջը միանգամից հրդեհի մի քանի օջախ է բռնկել: Հունաստանի իշխանություններն արդեն օգնություն են խնդրել այլ երկրներից՝ տարերքի դեմն առնելու համար:

Հունաստանում ՀՀ դեսպանությունում գործում է թեժ գիծ հրդեհների հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիների համար