Հունաստանի իշխանությունները 20 մլն եվրո են հատկացրել հրդեհների հետևանքով տուժածներին
Հունաստանի իշխանությունները պետական ներդրումային ծրագրից 20 մլն եվրո են հատկացրել անտառային հրդեհների հետևանքով տուժածների օգնության համար: Այս մասին հայտնում է «Sputnik Հունաստան»-ը:
Բացի այդ, հունական կառավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել հրդեհների հետևանքով տուժածներին օգնելու համար: Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսի խոսքով՝ այս միջոցները մասնավորապես կվերաբերեն աղետի հետևանքով տուժած տարածքներում բնակվող քաղաքացիների հարկային պարտավորություններին:
Նշվում է, որ հատուկ բանկային հաշիվ կբացվի, որին պետությունն ու բոլոր ցանկացողները կարող են գումար փոխանցել՝ հրդեհների հետևանքները վերացնելու համար:
Ձանակոպուլոսը հավելել է, որ տուժած ընտանիքներին տրամադրելիք օգնության չափը կհստակեցվի հրդեհի հետևանքներն ու վնասներն ամբողջությամբ գնահատելուց հետո:
Հիշեցնենք, որ Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի: Հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 187 մարդ, այդ թվում՝ 23 երեխա: Անհայտ կորած է համարվում առնվազն 100 մարդ:
Հուլիսի 23-ին Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում, զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից: Հրդեհը բռնկվել է հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի վերևում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում թեժ գիծ է գործում:










