Ապակիների արտադրամասի պայթյունից տուժածներից մեկի մարմնի մակերեսի 65%-ն այրվել է. նոր մանրամասներ (տեսանյութ)

15:18 • 25.07.18

Աստղիկ ԲԿ-ից տեղափոխված Ս. Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր՝ մարմնի մակերեսի 65 տոկոսին III (Ա,Բ) և IV աստիճանի այրվածքներ են՝ գումարած շնչուղիների այրվածք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը:

«Չեմ կարող ասել, որ դա կյանքի հետ անհամատեղելի է, բայց մահացության բարձր ռիսկ պարունակող դիագնոզ է: Հիմա արհեստական շնչառության ապարատ է միացված, գտնվում է այրվածքային ծանր շոկի մեջ, բուժումներն ընթացքում են»,-շեշտեց բժիշկը:

Հովհաննես Ասլանյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է նաև վիրահատական միջամտություն կատարել: Ինչ վերաբերում է Էրեբունի ԲԿ-ից տեղափոխված հիվանդին, ապա բժիշկը մանրամասներ չհայտնեց, քանի որ տուժածը դեռ հետազոտման փուլում է:

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում հավաքված տուժածների հարազատները լրագրողների հետ զրույցում նշում էին, որ տեղյակ չեն, թե պայթյունի պատճառ ինչն է:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին, ժամը 10:28 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան 72 հասցեում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ 
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: 

Պարզվել է, որ ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով արտադրամասի (70 քմ) պատերը մասամբ փլուզվել են:Տուժածներ Ս. Հ.-ն (1990 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս. Հ.-ն (1972 թ.)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Է. Հ.-ն (1987 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, այնուհետև Է. Հ.-ն «Էրեբունի» և Ս. Հ.-ն «Աստղիկ» ԲԿ-ներից տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: