Հունաստանում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի (լուսանկարներ)
Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել է 74 զոհի մասին:
Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 187 մարդ, այդ թվում՝ 23 երեխա: Անհայտ կորած է համարվում առնվազն 100 մարդ:
Սա Հունաստանի պատմության ամենամահաբեր հրդեհն է. 2007 թվականին հրդեհների հետևանքով երկրում մահացել է մոտ 70 մարդ:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում, զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից: Հրդեհը բռնկվել է հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի վերևում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում թեժ գիծ է գործում:













