Լիմայի հիվանդանոցներից մեկում երկու պայթյուն է տեղի ունեցել, տուժել է 20 մարդ

11:19 • 25.07.18

Պերուի մայրաքաղաք Լիմայի հիվանդանոցներից մեկում երկու պայթյուն է տեղի ունեցել, 20 մարդ վնասվածքներ է ստացել, որոնցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պայթյունները տեղի են ունեցել Սան-Իսիդրայի հիվանդանոցում: Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Գաստոն Ռոդրիգեսը, «հիվանդանոցում երկու պայթյուն է տեղի ունեցել, մեկը՝ ավտոկայանատեղիում, երկրորդը՝ լաբորատորիայում»: Նրա խոսքով՝ ոստիկանությունը ենթադրում է, որ ծանր վիճակում գտնվող երկու անձինք կարող են ներգրավված լինել տեղի ունեցածին:

Իշխանությունները նախ ենթադրել են, որ պայթյուններից մեկը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով, սակայն ոստիկանությունը հետագայում ուսապարկ է գտել, որում էլ, հնարավոր է, եղել է պայթուցիկ սարքը:

Ոստիկանությունը կարծում է, որ նրանք այդկերպ կարող էին դրամական միջոցներ շորթել կամ սպառնալ անհայտ անձանց, շարժառիթը, սակայն, դեռ չի պարզվել: