Թաիլանդի քարանձավից փրկված պատանիները նորահավատ բուդդիստ վանական են դարձել

11:31 • 25.07.18

Թաիլանդի քարանձավային համալիրներից մեկում մոտ երկու շաբաթ թակարդված մնացած ու բարդ գործողության արդյունքում ի վերջո ցամաք դուրս բերված պատանիները, որոնք հուլիսի սկզբին հայտնվել էին համընդհանուր ուշադրության կենտրոնում, առաջին քայլերն են արել նորահավատ բուդդիստ վանական դառնալու համար:

Ինչպես նշում է CNN-ը, նախօրեին 12 հոգանոց թիմի անդամներից 11-ը մասնակցել են փրկարարական բարդ գործողության ժամանակ զոհված ջրասուզորդ Սաման Կունանի հիշատակին նվիրված արարողությանը: Մինչդեռ թիմի 12-րդ անդամը քրիստոնյա լինելու պատճառով այցելել է եկեղեցում մատուցված պատարագին:

Հայտնի է, որ 11-16 տարեկան տղաները հուլիսի 25-ին կսափրեն գլուխները ու կտեղափոխվեն վանք: Նրանք այնտեղ կմնան մինչև օգոստոսի 3-ը, ինչից հետո իրենց բնականոն կյանքին կվերադառնան:

Հիշեցնենք, որ տղաները հունիսի 23-ին մտել էին քարանձավ ու մուտքը փակած տեղատարափ անձրևների հետևանքով մոտ երկու շաբաթ մնացել այնտեղ: