Թրամփը պատրաստ է հրաժարվել եվրոպական ապրանքների համար մաքսատուրքերից, եթե ԵՄ-ն հրաժարվի ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել եվրոպական ապրանքների համար մաքսատուրքերից, եթե Եվրամիությունը հրաժարվի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերից: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Վաղը Եվրամիությունը (ԵՄ ներկայացուցիչը-Tert.am) ժամանում է Վաշինգտոն առևտրի վերաբերյալ գործարք կնքելու համար: Ես առաջարկ ունեմ՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն հրաժարվում են բոլոր սակագներից, սահմանափակումներից, սուբսիդիաներից»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Նա հավելել է. «Մենք դրան պատրաստ ենք, իսկ նրանք՝ ոչ»:
Թրամփն առևտրային հարցերը քննարկելու է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ, որը մեկնում է ԱՄՆ-ն:
Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել են Թրամփի հայտարարությունից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց եվրոպական պողպատի և ալյումինի համար մաքսատուրքեր սահմանելու մասին։










