Թուրքիան պահանջել է Կանադայից հետաքննել քուրդ զինյալների կողմից կանադական զենքի օգտագործումը

11:54 • 25.07.18

Թուրքիան դիմել է Կանադայի կառավարությանը՝ պահանջելով հետաքննել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» աջակիցների կողմից կանադական արտադրության զենքի օգտագործման փաստը: Այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ զինված քրդերի մոտ հայտնաբերվել է NEA-15 կանադական զենք: Այդ փաստը հայտնաբերվել է Մարդին շրջանում Թուրքիայի զինված ուժերի իրականացրած հատուկ գործողության ընթացքում:

National Post, Montreal Gazette և Ottawa Citizen պարբերականներում կանադացի հեղինակի հոդվածում նշվում է, որ զենքն արտադրող ընկերությունն Օնտարիոյում գտնվող North Eastern Arms-NEA-ն է, որի ներկայացուցիչը հայտնել է, որ վաճառքի գործարքը հավանության է արժանացել Կանադայի դաշնային կառավարության կողմից:

Հոդվածի հեղինակը նշել է նաև, որ 2016 թվականին զենքը մատակարարվել է Իրաքի հյուսիսում գործող «փեշմերգայի» ջոկատներին, իսկ ընկերության ներկայացուցիչներն այցելել են տարածաշրջան: Բացի այդ, նույն տարվա ընթացքում Կանադայից Իրաք է մատակարարվել ավելի քան 1000 միավոր զենք: