Մեղավոր է Խաչատուրովը, թե մեղավոր չէ՝ առանց ՀԱՊԿ-ի հետ համաձայնեցնելու նման որոշումը հետևանքներ կունենա. Սերգեյ Շաքարյանց

17:43 • 27.07.18

Մեղավոր է Խաչատուրովը, թե մեղավոր չէ՝ հանդիսանալով ՀՀ քաղաքացի, այնուամենայնիվ, միջազգային կառույցում ներկայացնում է Հայաստանը, ընդ որում՝ որպես գլխավոր քարտուղար, և առանց համաձայնեցնելու նման որոշումը հետևանքներ կունենա։

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված  մեղադրանքին և կալանավորելու միջնորդությանը:       

«Ոչ թե պետք էր պոստֆակտում որոշում կայացնել և հետո գնալ, համաձայնեցնել ՀԱՊԿ-ի շտաբվայրում՝ Մոսկվայում, թե՝ ինչ կլինի, տվեք տանեմ, Խաչատուրովին դատի տամ, այլ սկզբից պետք է համաձայնեցվեր միջազգային կառույցի հետ, որտեղ Խաչատուրովը մեկ տարուց ավելի ներկայացնում է Հայաստանը ոչ թե որպես ՀԱՊԿ անդամ,  այլ որպես գլխավոր քարտուղար: Բացի դրանից, կա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդ, Լավրովին և մյուս արտգործնախարարներին, պետք է խնդիրը ներկայացվեր, որ մեղադրանքներ կան»,- ասաց նա:         

Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ վստահ է, որ այս գործընթացը հայ-ռուսական հարաբերություներում խնդիր կառաջացնի: «Այդ ինչո՞ւ պետք է ինչ-որ Նիկոլ Փաշինյանի պատճառով արտահերթ գլխավոր քարտուղար ման գան, նշանակեն, դա հո մեր գենշտաբի պետի պաշտոնը չէ՞, որ ասես՝ դե հա էլի, ինչ տարբերություն, գեներալը գեներալ է:

Ենթադրենք՝ ՀՀ-ի ներկայացուցիչը ՄԱԿ-ը գլխավորող քարտուղար է, հիմա Նիկոլը  ցանկանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալել, դա ո՞նց կընդունվի միջազգային ասպարեզում: Եթե հանցակազմ կա, հարցում պետք է ուղարկել՝ ասելով, որ բացահայտ հանցակազմ կա, և պետք է ստիպված նման որոշում կայացվի, դուք սառեցրե՛ք պաշտոնավարման հետ կապված կարգավիճակը և թո՛ւյլ տվեք  ժամանակավոր պաշտոնակատար նշանակենք, մենք այստեղ իմանանք՝ հասատատվո՞ւմ է մեղադրանքը, թե՞ ոչ: Հակառակ դրան՝ արվում են որոշումներ, որոնք անտրամաբանական են»,- ասաց նա:      

Իսկ թե ինչպես ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կարձագանքեն նման միջադեպին, Շաքարյանցն ասաց, որ չի կարող նույնիսկ պատկերացնել: «Իմ գլխում չեն տեղավորվում այն իրավական, նույնիսկ  կարելի է ասել բարոյազուրկ որոշումները, որոնք  արվում են արդարադատության մարմինների ներկայացուցիչների կողմից, հաստատ Նիկոլ Փաշինյանի ցուցումով»,- ասաց նա:    

Սերգեյ Շաքարյանցը նկատեց, որ եթե սա դիտարկվի որպես շանտաժի փորձ Մոսկվային, ապա չպետք է մոռանալ, որ Մոսկվայի հետ շանտաժի լեզվով նույնիսկ Իսրայելը չի խոսում՝  հաշվի առնելով՝ ինչ կարողություններ ունեն: «Ես լավ հասկանում եմ, պատկերացնում եմ, թե ցանկության դեպքում ինչպիսի հակաշանտաժ կստանա Փաշինյանը: Նա իզուր է մտածում, որ հակաշանտաժի չեն դիմի»,- ասաց նա:

 

Մեղավոր է Խաչատուրովը, թե մեղավոր չէ՝ առանց ՀԱՊԿ-ի հետ համաձայնեցնելու նման որոշումը հետևանքներ կունենա. Սերգեյ Շաքարյանց