Եթե գյուղնախարարն ասում է, որ շուկան է որոշում գյուղմթերքի գինը, պետությունը չպետք է միջամտի, ապա այդ մարդը գյուղատնտեսության մեջ անելիք չունի. Բ. Պիպոյան
Բանջարեղենի շուկայում շատ բարձ գնաճ չունենք, ունեք որոշ ապրանքատեսակների գնաճ, մենք պետք է կարողանանք հասկանալ՝ գյուղատնտեսությունը հարկելը որքանով է ազդեցություն ունեցել գնաճի վրա:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Միանշանակ պնդել, որ հարկերն են հանգեցրել թանկացման, սխալ կլինի, բայց հակառակը պնդելը ևս ճիշտ չէ: Պետք է ուսումնասիրություններ իրականացնել՝ հասկանալու համար: Միևնույն հարկային դաշտում մնացած սուբյեկտների մոտ ևս գինը փոխվել է: Իսկ մթերման գնի մասով, կարծես, գնային փոփոխություն, տատանում չկա»,- շեշտեց նա:
Բաբկեն Պիպոյանն ընդգծեց, որ նախորդ տարվա համեմատ էական, տրամաբանությունից դուրս թանկ է վաճառվում ձմերուկը:
«Ազատ շուկայական հարաբերություններով, հասկանում եմ, ինչ-որ գին է ֆիքսվել, վաճառք կա, իրացումն ապահովում են: Խնդիրը հետևյալն է՝ ագրարային քաղաքականություն չունենք: Ես որևէ անձի հետ կապված խնդիր չունեմ, բայց եթե գյուղատնտեսության նախարարը կարող է ասել, որ շուկան է որոշում գյուղմթերքի գինը, պետությունը չպետք է միջամտի, ապա դա նշանակում է, որ այդ մարդը գյուղատնտեսության մեջ անելիք չունի»,- շեշտեց նա:
Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ պետությունը պետք է աջակցի գյուղատնտեսությանը և վերահսկողական մեխանիզմներ սահմանի, գնագոյացմանը հետևի:
«Երբ որ գյուղացին ինչ-որ տարում ինչ-որ ապրանք վաճառում է ինքնարժեքից էժան, գյուղացու կողքը չենք կանգնում, հետո, երբ ինչ-որ ապրանք հնարավորություն ունի թանկ վաճառել, ասում ենք՝ ինչո՞ւ: Մասնագիտական մոտեցում է պետք: Միայն այն ցուցանիշը, թե որքան մարդ է զբաղվում գյուղատնտեսությամբ, և որքան ապրանքատեսակների մասով ենք ինքնաբավ, բավարար է հասկանալու համար, թե ագրարային քաղաքականության ինչպիսի ձախողումներ ենք ունեցել»,- ընդգծեց Բաբկեն Պիպոյանը:










