Բորիս Ջոնսոնը բուրքա կրող մահմեդական կանանց համեմատել է փոստարկղերի հետ ու ենթարկվել սուր քննադատության

14:15 • 07.08.18

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը բուրքա կրող մահմեդական կանանց համեմատել է փոստարկղերի հետ, ինչի հետևանքով ենթարկվել է սուր քննադատության: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Նշվում է, որ Ջոնսոնն այս համեմատությունն արել է The Telegraph թերթի իր սյունակում, որը նա գրել է Դանիայում բուրքա կրելու արգելքի կապակցությամբ:

Ջոնսոնը պարզաբանել է, որ ինքը դեմ է հասարակական վայրերում բուրքա կրելու արգելքին, սակայն նշել է նաև, որ նման հագուստը «բացարձակ անհեթեթ տեսք ունի»: Ջոնսոնը նաև ասել է, որ բուրքա կրող մահմեդական կանայք նման են բանկեր թալանողների:

Այս հայտարարությունից հետո Ջոնսոնին մեղադրել են իսլամատյացության համար և «բրիտանական Դոնալդ Թրամփ» անվանել նրան: Ակտիվիստները նույնիսկ հայտնել են, որ իրենք պատրաստվում են դիմել մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով:

Հիշեցնենք, որ Դանիայում արգելվել է հասարակական վայրերում մահմեդական բուրքա և նիքաբ կրել, իսկ օգոստոսի մեկից Դանիայում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է քաղաքացիներին ծածկել դեմքը հանրային վայրերում: Ընդ որում՝ արգելված է ոչ միայն մուսուլմանական հագուստը, այլև տարատեսակ դիմակներն ու իրերը, որոնք կծածկեն դեմքը: