ՄԱԿ-ն Ինդոնեզիային օգնություն է առաջարկել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն իր ցավակցույուններն է հայտնել Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների հարազատներին և երկրին օգնություն է առաջարկել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամլո ծառայության հրապարակած հայտարարությանը հղումով:
«Գլխավոր քարտուղարը խրապես վշտացած է ինդոնեզական Արևելյան Լոմբոկում մարդկանց ողբերգական մահվան, վնասվածքների և երկրաշարժի հասցրած վնասի համար՝ հաշվի առնելով, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ նույն տարածաշրջանում երկրաշարժի հետևանքով զոհվել է 10-ից ավելի մարդ, տուժել 150-ը»,- ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ «Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել փրկարարական աշխատանքներում և օգնություն ցուցաբերել տուժածներին»:
Հիշեցնենք, որ Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչից հետո հայտարարվել է ցունամիի առաջացման վտանգ: Զոհվել է ավելի քան 90 մարդ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոմբոկ կղզու հյուսիսային ափից 15 կմ հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են մի քանի վայրկյան:










