Հայտնի բելառուսական ԶԼՄ-ների խմբագրություններում խուզարկություններ են անցկացվել, կան ձերբակալվածներ
Երեքշաբթի առավոտյան երկու բելառուսական ինտերնետ-պարբերականների՝ tut.by-ի և «ԲելաՊԱՆ»-ի գրասենյակներ են այցելել Բելառուսի քննչական կոմիտեի աշխատակիցները, հայտնում է kommersant.ru-ն: Լրագրողներին մեղադրում են «Բելտա» պետական տեղեկատվական գործակալության լրահոսին չարտոնված կերպով միանալու համար: Եթե նրանց մեղքն ապացուցվի՝ ԶԼՄ-ների առանցքային աշխատակիցներին կարող են զրկել ներկայիս պաշտոնները զբաղեցնելու իրավունքից կամ անգամ ձերբակալել:
Մինսկում լրատվամիջոցի զրուցակիցները տեղի ունեցածն անվանել են «անկախ և առավել որակյալ ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու առիթ»:
«ՆԳՆ աշխատակիցները ստուգումների ընթացքում բացահայտել են «Բելտա»-ի սեփականությունը հանդիսացող համակարգչային տեղեկություններին չարտոնված մուտքի բազմաթիվ փաստեր: Երկու տարվա ընթացքում (2017-2018) առանց պետական ձեռնարկության իմացության և համաձայնության համակարգչային համակարգում պահպանվող տեղեկություններին 15 հազար անգամ չարտոնված մուտք է իրականացվել»,- նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Հաղորդվում է երեք ձերբակալվածի մասին՝ tut.by-ի գլխավոր խմբագիր Մարինա Զոլոտովան, պորտալի խմբագիր Աննա Կալտիգինան և «ԲելաՊԱՆ»-ի աշխատակից Տատյանա Կորովենկովան:










