Հրվ. Կորեայի բնակչուհին «չար ոգիներից ազատվելու համար» փակվել է դագաղում և խեղդվել
Հարավային Կորեայի Կումի քաղաքի բնակչուհին կեղծ կրոնական ծիսակարգի ժամանակ փակվել է դագաղում և մահացել: Այս մասին հայտնում է Standard.co.uk-ը:
Կինը հույս ուներ, որ դագաղում գիշերելով՝ ինքը կազատվի չար ոգիներից և հաջողակ կդառնա: Արարողությանը մասնակցել են նաև նրա ընկերուհիները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ օգոստոսի 2-ի երեկոյան երեք ընկերուհիները պառկել են առանձին դագաղների մեջ, իսկ մոտ երկու ժամ անց նրանցից մեկը սկսել է բողոքել, որ ինքը չի կարողանում շնչել: Կինը փորձել է դուրս գալ դագաղից, սակայն մյուսները համոզել են նրան դիմանալ:
Հաջորդ առավոտյան ընկերուհիներից մեկն արթնացել է, դուրս եկել ու որոշել ստուգել մյուսների վիճակը: Նա բացել է իր ընկերուհիների դագաղների կափարիչներն ու տեսել, որ կանանցից մեկը քնած է, իսկ մյուսը մահացել է:
Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով՝ կնոջ մահվան պատճառը, ամենայն հավանականությամբ, թթվածնի պակասից խեղդվելն է, սակայն հստակ պատճառը կպարզվի միայն դիահերձումից հետո:










