Twitter-ն արգելափակել է առավոտից երեկո Թրամփին գովաբանող թոշակառուին

13:13 • 07.08.18

Ամերիկյան Twitter սոցկայքն արգելափակել է 70-ամյա օգտատեր Նինա Տոմասիեսկիի միկրոբլոգը՝ պատճառաբանելով, որ տարեց կինն օրական հազարավոր գրառում է անում հաջակցություն երկրի նախագահ Դոնալդ Թրամփի:

Ինչպես նշում է knoxnews.com կայքը, կինը Twitter է մտնում դեռ մինչ լույսը բացվելը: Նա ամբողջ օրը Թրամփին աջակցող Fox News հեռուստաալիքն է դիտում ու օրական 14 ժամ նախագահին, նրան աջակցող քաղաքական գործիչներին գովաբանող գրառումներ անում:

Թոշակառուն օրվա ընթացքում անընդհատ տարածում է Թրամփի թվիթերյան գրառումները:

Տոմասիեսկին պաշտում է 72-ամյա հանրապետականին ու նպատակ ունի ամեն գնով քարոզել նրա գաղափարները:

«Ես շատ եմ սիրում թվիթերյան գրառումներ անել: Բայց ամենակարևորն այն է, որ դրանք օգնում են «իմ տղային» (նկատի ունի Թրամփին-tert.am): Այսօր մարդկանց մեջ այնքան շատ ոգևորություն կա: Իմ նպատակն է այնպես անել, որ նրանք ընտրություններին մասնակցեն»,-նշել է Տոմասիեսկին:

Աղբյուրը մանրամասնում է, որ 2018թ. հոկտեմբերին ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններին ընդառաջ խոշոր սոցկայքերը, փորձելով կանխել ռուսական հավանական միջամտությունը, արգելափակում կամ սառեցնում են այն  էջերը, որոնք քարոզչության առումով կասկած են հարուցում: