ԵՄ-ն կփոխի քաղաքացիության տրամադրման կանոնները

13:42 • 07.08.18

Եվրահանձնաժողովը մտադիր է սեպտեմբերին հրապարակել ԵՄ անդամ երկրների կողմից քաղաքացիության տրամադրման վերաբերյալ նոր նորմերը: Այդ մասին հայտարարել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Վերա Յուրովան, հայտնում է Spiegel-ը:

Նա ԵՄ երկրներին ավելի մեծ զսպվածության կոչ է արել երրորդ երկրներից անձանց քաղաքացիության տրամադրման ժամանակ:

«Եվրահանձնաժողովը մեծ անհանգստությամբ հետևում է, այսպես կոչված, «ոսկե անձնագրերի» հետ կապված իրավիճակի զարգացմանը»,- ասել է Յուրովան:

Եվրահանձնակատարի խոսքով՝ վերջին տարիներին աճել է ԵՄ երկրների անձնագրերի թիվը, որոնք ստացվել են բացառապես երկրի տնտեսությունում իրականացված ներդրումների հիման վրա կամ թանկ անշարժ գույք ձեռք բերելու արդյունքում:

Յուրովան հիշատակել է Կիպրոսը, Մալթան և Հունաստանը, որոնք կեցության շատ երկարաժամկետ թույլտվություններ (այսպես կոչված՝ «ոսկե վիզաներ») կամ լիարժեք քաղաքացիություն են տրամադրում Չինաստանի, Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ անդամ այլ երկրների քաղաքացիներին:

«Մենք չենք ցանկանում Եվրամիությունում տրոյական ձիեր: Որոշ անդամ երկրներ պետք է մեծ ջանքեր գործադրեն, որպեսզի քաղաքացիություն չստանան հանցագործները, որոնք կարող են վնասել Եվրոպայի անվտանգությանը կամ զբաղվել փողերի լվացմամբ»,- նշել է Յուրովան: