«Աշխարհը մինչև կոկորդը հոգնել է ԱՄՆ-ի միակողմանի գործողություններից». Իրանի արտգործնախարար

13:37 • 08.08.18

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ աշխարհը հոգնել է տարբեր հարցերի շուրջ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումից: Այդ մասին երկրի արտգործնախարարը հայտնել է Twitter-ի իր էջում:

«Զայրույթի պոռթկումները և թվիթերյան գրառումները չեն փոխի այն փաստը, որ աշխարհը մինչև կոկորդը հոգնել է ԱՄՆ-ի միակողմանի գործողություններից: Ամերիկյան առևտրի կանգնեցումը և ամերիկացիների 100 հազար աշխատատեղերի ոչնչացումը հիանալի է մեզ համար, բայց աշխարհը չի հետևի իմպուլսիվ «թվիթերյան» բռնապետություններին: Պարզապես հարցրեք ԵՄ-ին, Ռուսաստանին, Չինաստանին և մեր տասնյակ այլ առևտրային գործընկերների»,- գրել է Զարիֆը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը:

Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան: Դրանք նաև վերաբերում են Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ:

Պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարվա մայիսին հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ու Իրանի դեմ նախկին պատժամիջոցները վերականգնելու մասին: