Դատարանը կալանք է սահմանել Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի անշարժ գույքի նկատմամբ

10:22 • 08.08.18

Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը կալանք է սահմանել հայտնի հումորիստներ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի անշարժ գույքի նկատմամբ, հայտնում է life.ru-ն՝ մանրամասնելով, որ խոսքն այն գույքի մասին է, որը նրանք պետք է կիսեն ամուսնալուծության գործընթացի շրջանակում:

Պետրոսյանի շահերը պաշտպանող փաստաբան Սերգեյ Ժորինը բացատրել է, որ կալանքի սահմանումն ամենևին էլ չի նշանակում, որ ամուսինները չեն կարող օգտագործել իրենց պատկանող ունեցվածքը: Սակայն ինչ վերաբերում է վաճառքին, ապա առայժմ նրանք դա անել չեն կարող:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Խամովնիչեսկի դատարանում կայացել էր Պետրոսյանի ու Ստեպանենկոյի համատեղ ունեցվածքը կիսելու գործով առաջին դատական նիստը, որին նրանք ներկա չէին եղել:

Աստղային զույգի համատեղ անշարժ գույքը գնահատվել է մոտ 1 միլիարդ ռուբլի:

Հումորիստների շահերը պաշտպանողների խոսքերով՝ Պետրոսյանը պատրաստ է իրենց համատեղ հարստությունը հավասար կիսել, սակայն Ստեպանենկոյին դա չի բավարարում, ու նա հավակնում է դատարանի միջոցով ստանալ ունեցվածքի 80%-ը:

Պետրոսյանի փաստաբանը մանրամասնել է, որ զույգը, պաշտոնապես ամուսնալուծված չլինելով հանդերձ, վերջին 15 տարվա ընթացքում միասին չի ապրում և որ տվյալ մեկ միլիարդ ռուբլու անշարժ գույքը ձեռք է բերվել այն տարիներին, երբ նրանք այլևս միասին չէին:

Փաստաբանի խոսքով, երբ Պետրոսյանն իրեն դիմել է՝ խնդրել է Ստեպանենկոյի հարցում որևէ խորամանկ քայլի չդիմել, ամեն ինչ անել պարզ, որպեսզի իրենք հետագայում ստեղծագործական ոլորտում կարողանան միասին աշխատել:

«Մեր նպատակն է ամեն ինչ անել քաղաքակիրթ ձևով ու առանց աղմուկի, բայց Ստեպանենկոյի շրջապատում կան մարդիկ, որոնք վստահեցնում են, որ կարող են Պետրոսյանից ամեն ինչ խլել, և նա նրանց հավատում է»,-նշել է փաստաբանը:

Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնացած են 30 տարի, ու այս ընթացքում նրանք ձեռք են բերել 5 բնակարան Մոսկվայի կենտրոնում, քառահարկ առանձնատուն, անտիկվար իրերի, մեքենաների հավաքածուներ ու այլ թանկարժեք իրեր:

Հիշեցնենք, որ ունեցվածքը կիսելու վերաբերյալ առաջին հայցը ներկայացվել էր Ստեպանենկոյի կողմից: