Սպորտը երջանկացնում է մարդկանց նույնքան, որքան փողը. հետազոտություն

14:05 • 22.08.18

Սպորտը երջանիկ է դարձնում մարդկանց նույնքան, որքան փողը. սպորտով զբաղվող մարդիկ երջանիկ են նույնքան, որքան մյուսներից ավելի շատ գումար վաստակողները: Այս եզրակացությանն են եկել բրիտանացի և ամերիկացի գիտնականները, հաղորդում է Focus-ը:

Նոր հետազոտության շրջանակում գիտնականներն Օքսֆորդի համալսարանի դոկտոր Սամիմի Չեկրուդի ղեկավարության ներքո ուսումնասիրել են մարդկանց ֆիզիկական ակտիվության և հոգեկան ինքնազգացողության միջև կապը:

2011-2015 թվականներն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի բնակիչները հեռախոսային հարցման են մասնակցել իրենց ֆիզիկական և հոգեկան առողջության վերաբերյալ: Փորձարկման մասնակիցները կիսվել են՝ ինչ հաճախականությամբ են իրենք վերջին 30 օրվա ընթացքում վատ տրամադրություն ունեցել և քանի անգամ են իրենք այդ ընթացքում զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ:

Ուսումնասիրության արդյունքում գիտնականները եկել են եզրակացության, որ տանը պասիվ ժամանակ անցկացնողները հոգեպես վատ են զգացել իրենց ամսական ավելի քան չորս օր, այնինչ երբ պարբերաբար սպորտով զբաղվող մարդիկ վատ տրամադրություն են ունեցել ամսական երեք օրից քիչ:

Ամենալավ ֆիզիկական և հոգեկան ինքնազգացողությունն ունեցել են այն մարդիկ, որոնք ֆիզիկական ակտիվություն են ցուցաբերել ամսական 12-22 անգամ: Ամեն օր սպորտով զբաղվողները, հակառակը, վատ տրամադրություն են ունեցել նույնքան, որքան փորձարկման ամենապասիվ մասնակիցները:

Հատկանշական է, որ մարդկանց վրա ամենադրական ազդեցությունն են գործել թիմային մարզաձևերը, ինչպես նաև՝ հեծանվասպորտը: Այս մարզաձևերով զբաղվող մարդիկ վատ տրամադրություն են ունեցել մյուսներից 22 տոկոսով քիչ:

Գիտնականների կարծիքով՝ պարբերաբար սպորտով զբաղվելն ավելի սերտ կապ ունի հոգեկան ինքնազգացողության հետ, քան, օրինակ, բարձրագույն կրթության առկայությունը (բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց մոտ 18 տոկոսով ավելի քիչ են «վատ» օրերը):

Բացի այդ, սպորտով զբաղվելը կարող է նույնիսկ «փոխհատուցել» տարեկան 22 հազար եվրո աշխատավարձի բացակայությունը: Այսպիսով՝ սպորտով չզբաղվող և տարեկան ավելի քան 22 հազար եվրո վաստակող մարդիկ նույնքան երջանիկ են, որքան ավելի քիչ վաստակող, սակայն պարբերական ֆիզիկական ակտիվություն դրսևորող մարդիկ:

Սպորտը երջանկացնում է մարդկանց նույնքան, որքան փողը. հետազոտություն