Պոլսո Հայոց պատրիարքարանը հերքում է Սասունի գյուղերից մեկում 2000 հայ քրիստոնյայի գտնվելու մասին տարածված լուրերը

21:04 • 02.10.18

Պոլսո Հայոց պատրիարքարանը պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության միջոցով հերքել է Արևմտյան Հայաստանի պատմական Սասուն գավառի գյուղերից մեկում 2000 քրիստոնյա հայերի գտնվելու ու մկրտությունների և հարսանիքների համար պատրիարքարանից քահանա պահանջելու մասին լուրերը:

Հայտարարության մեջ շեշտված է, որ «Արևելք» լրատվականի կողմից ավելի վաղ տարածված լուրը Պոլսո Հայոց պատրիարքարանում ընթերցել են մեծ զարմանքով: Պատրիարքարանից հայտնել են, որ նման դիմում և պահանջ մինչ օրս չեն ստացել, իսկ Սասունում իսլամացված հայերից բացի մեր օրերում ապրում են ոչ թե 2000, այլ միայն մի քանի քրիստոնյա հայ ընտանիքներ:

Պատրիարքարանի ներկայացուցիչները նաև ընդգծել են, որ տարածված լուրերից հետո տեղեկությունը ճշտել են հենց Սասունի հայերից, որոնք հայտնել են, որ նման գյուղ այդ տարածքում գոյություն չունի:

Կայքում նշված է նաև, որ Սասունի հայերի համայնքը դասվում է Թուրքիայի տարածքում գործող եկեղեցի չունեցող հայկական 17 համայնքների շարքին, իսկ գործող եկեղեցող ու որպես քրիստոնեական համայնք գրանցված հայկական միակ գյուղը Թուրքիայում Մուսա լեռան լանջերին գտնվող Վագըֆն է: