Դա փոքրիկ վրեժ կլինի․ Տուխելը՝ Իսպանիայի հետ կայանալիք խաղի մասին

19:36 • 13.11.26

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի եզրափակիչ տուրում Իսպանիայի ընտրանու դեմ կայանալիք սկզբունքային հանդիպման սպասելիքներով։ Գերմանացի մասնագետը վստահություն է հայտնել, որ իր սաները կարող են հասնել ցանկալի արդյունքի՝ ընդգծելով, որ մադրիդյան մրցավեճը բոլորովին այլ սցենար է ունենալու։

Անգլիացիները «Ֆուրիա Ռոխայի» դեմ խաղին մոտենում են Խորվաթիայի հավաքականի նկատմամբ տարած կամային հաղթանակից հետո (2:1)։ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած հանդիպմանը տանտերերի կազմում հաշիվը բացեց Մորգան Ռոջերսը, ինչին խորվաթները պատասխանեցին Լուկա Սուչիչի գոլով։ Սակայն խաղավերջում թիմի ավագ Հարրի Քեյնը, անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, հաղթանակ պարգևեց «Երեք առյուծներին»։

Ամփոփելով խորվաթների դեմ հանդիպումը՝ Տուխելը խոստովանել է, որ հաղթանակը հեշտ չի տրվել.

«Մենք արժանի էինք այս հաղթանակին, թեև չափազանց բարդ խաղ ստացվեց։ Մեզ որոշ ժամանակ պահանջվեց խաղի ռիթմի մեջ մտնելու համար, իսկ մրցակիցը կարողացավ օգտվել ստանդարտ իրավիճակից։ Երկրորդ խաղակեսի որոշ դրվագներում անփույթ էինք գործում և կորցնում վերահսկողությունը, բայց, ի վերջո, կարողացանք հասնել մեր նպատակին»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Անդրադառնալով նոյեմբերի 15-ին Մադրիդում կայանալիք Իսպանիա – Անգլիա դիմակայությանը՝ գերմանացի մասնագետը նշել է, որ Խորվաթիայի նկատմամբ հաղթանակը կարևոր էր ոչ միայն երեք միավոր վաստակելու, այլև խմբի առաջատարի կոչման համար պայքարը շարունակելու տեսանկյունից.

«Կիրակի օրը ամեն ինչ այլ կլինի՝ թե՛ խաղի սցենարը, թե՛ իրավիճակը։ Դա փոքրիկ վրեժ կլինի։ Այդուհանդերձ, ես շատ լավատեսորեն եմ տրամադրված և վստահ եմ, որ կկարողանանք հասնել մեզ անհրաժեշտ արդյունքին»։

Հավելենք, որ Թոմաս Տուխելը նաև հստակեցրել է իր ապագան Անգլիայի հավաքականի ղեկին՝ հաստատելով, որ մտադիր է շարունակել աշխատանքը մինչև Եվրո-2028-ի ավարտը։ Մասնագետի խոսքով՝ իր պայմանագրում բացակայում է համագործակցությունը վաղաժամկետ խզելու վերաբերյալ կետը, և ինքը վճռական է ազգային թիմի հետ սկսած գործն ավարտին հասցնելու հարցում։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 15 միավորով գլխավորում է Իսպանիան, որն արդեն ապահովել է քառորդ եզրափակչի ուղեգիրը։ Անգլիայի հավաքականը 12 միավորով երկրորդ հորիզոնականում է, և խմբի վերջնական հաղթողի անունը կորոշվի հենց առաջիկա տուրի կենտրոնական մրցավեճում։

Աղբյուրը`ArmSport.am