Թող թեկնածու բերեն, քվեարկենք. Վահրամ Բաղդասարյանը` վարչապետի թեկնածուի մասին

11:09 • 23.10.18

Վարչապետի վաղվա ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք իրենց խմբակցությունը վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ է, թե ոչ:

Անդրադառնալով դիտարկմանը, եթե թեկնածու չեղավ, քվեարկություն չի լինի, և վարկածներ կան, որ դա իրավական փակուղի կլինի, Վահրամ Բաղդասարյանն ասաց.«Թող թեկնածու բերեն, քվեարկենք»։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին մասնկցությանը և դրա ձևաչափին, ապա Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց. «Դրա մասին կհայտարարենք»:

Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ կուսակցությունը վարչապետի թեկնածու առաջադրելու մտադրություն չունի։ «Չընդունելով դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու հիմնավորումները՝ մեր խմբակցությունը չուներ և չունի մտադրություն՝ առաջադրելու վարչապետի թեկնածու:

Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է»,– ասվում էր ՀՀԿ հայտարարությունում: