Եթե ուզում ենք խորհրդարանական ՀՀ-ում ունենալ ժողովրդավարություն, պետք է ունենանք կայացած կուսակցական համակարգ. «Այլընտրանք» կուսակցության նախագահ (տեսանյութ)

21:08 • 27.10.18

Եթե Ընտրական օրենսգրքի նախագիծը չանցնի՝ դա կլինի վատագույն տարբերակը, բայց խորհրդարանական ընտրություններին պետք է գնալ անկախ այն հանգամանքից, դա կլինի գործող, թե նոր օրենսգրքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նորաստեղծ «Այլընտրանք» կուսակցության նախագահ Էդգար Առաքելյանը:

«Մեր թիմն ի սկզբանե կողմ է եղել բարեփոխված Ընտրական օրենսգրքի անցկացմանը: Խոցելի կետը ռեյտինգային համակարգի վերացումն է, որը հնարավորություն տվեց նախորդ իշխանություններին վերարտադրվելու: 2017 թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ 4 օլիգարխ պատգամավորներ հավաքեցին մոտ 200 քվե: Դա ցույց է տալիս այս համակարգի խոցելիությունը: Սա ցույց է տալիս, որ այս համակարգով հնարավոր է ռեալ ազդեցություն ունենալու ընտրական գործընթացների վրա»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովը տապալեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի քվեարկությունը և այժմ հարցական է՝ դեկտեմբերին անցկացվելիք ընտրությունները գործո՞ղ, թե նոր Ընտրական օրենսգրքով կլինեն:

Էդգար Առաքելյանի խոսքով՝ մեծ է վտանգը, որ երկրորդ անգամ՝ հոկտեմբերի 29-ին էլ ԸՕ նախագծի ընդունումը կձախողվի. «Հին նախագծի շահառուներն այսօր հարաբերական մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն է, կարծում եմ՝ որոշ ուժեր թաքնված ցանկություն ունեն, որ այդ ռեյտինգային համակարգը մնա»:

Կուսակցության նախագահը հայտնեց, որ «Այլընտրանքը» մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ ձևաչափի մասին առաջիկայում ավելի հստակ պատկեր կլինի, այժմ քննարկումներ են ընթանում:

«Այլընտրանք» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին և մոտ 1.5 ամիս անց տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրությունները: Է. Առաքելյանը նշում է, որ նորաստեղծ կուսակցությունների համար ժամկետի սեղմ լինելը շատ ավելի մեծ խնդիր է:

«Նախկինում ավելի տրամադրված էինք մայիս-հունիս ամիսներին ընտրություններ անցկացնելուն, բայց, այնուամենայնիվ, այժմ պետք է բոլոր ջանքերը ներդնել, հասցնել մասնակցել արտահերթ ընտրություններին: Մենք պաշտպանել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը, քանի որ ՀՀ-ում ստեղծված իրավիճակի վերջնական հանգուցալուծումը կարող է տեղի ունենալ ԱԺ ընտրությունների միջոցով»,- ասաց նա:

Էդգար Առաքելյանի խոսքով՝ «Այլընտրանք» կուսակցության նպատակը նախկին համակարգը վերջնական արմատախիլ անելն է: Կուսակցությունը ներկայացնելու է տնտեսական, սոցիալական, մարդու իրավունքներին վերաբերող ծրագրային հստակ դրույթներ: Իսկ քաղաքական ուժի հիմնական կռվաններից մեկը լինելու է մարդկանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը:

«Ինչու որոշեցինք նոր քաղաքական ուժ հիմնել: Այո, քաղաքական դաշտում կան 70-ից ավելի քաղաքական ուժեր, որոնցից ակտիվ են քչերը, բայց սա չի նշանակում, որ նոր կուսակցություններ չպետք է ձևավորվեն, հատկապես ՀՀ-ում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում: Հայաստանում արդեն հնարավոր է զբաղվել մաքուր քաղաքականությամբ և հաջողել»,- նշեց նա:


Մանրամասները՝ տեսանյութում: