«Շատ ենք, ուրեմն ամենախելոքն ենք». այս պատկերը, ցավոք, փոփոխված չի լինելու ՀՀ նոր ԱԺ-ում. Լարիսա Ալավերդյան
Նախընտրական բոլոր գործընթացները շարունակվում են մեկ անձի ընտրության տրամաբանությամբ. Tert.am-ի հետ նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը` դրանով հանդերձ առաջիկա խորհրդարանական ընտրությունները համարելով կանխատեսելի, բայց բարդ:
«Դա ծնում է բոլորովին նոր տիպի բարդություններ, և մենք դրա հետ պետք է հաշվի նստենք, ցավոք, որպես քաղաքական կատեգորիա, ծրագրերը գրեթե դեր չեն խաղա»,-կանխատեսեց նա և նկատեց, թե չեն լինի հայտարարված և կարևորված բանավեճեր:
Ըստ նրա` առավել ակտիվ ընտրազանգվածը կառաջնորդվի անձնական մղումներով, որոնց «այդ մանրունքները» չեն հետաքրքրում:
Լարիսա Ալավերդյանը նշեց ՝ այնպիսի միջավայր է ստեղծվել, որ գործում է «սրան դեմ ե՞ս, թե կողմ, եթե դեմ ես՝ ուրեմն վատն ես» տրամաբանությունը: «Պասիվ զանգվածը, որի մեջ կան և՛ կրիտիկական մտածելակերպ ունեցող, և՛ փորձագիտական մեծ պաշար ունեցող, և՛ ասելիք ունեցող մարդիկ, նրանք, կարծես թե, իրենց երկրորդ պլան մղված են զգում և շատերը չեն էլ ուզում արտահատվել»,-ասաց նա:
Ալավերդյանի գնահատմամբ՝ արդեն որոշ կցկտուր արտահատություններից երևում է, որ սևերի ու սպիտակների բաժանումը մի քանի չափանիշներով է լինելու: «Այդ բոլոր չափանիշներն ուղղված են լինելու միայն մեկ բանի՝ «հավատում ես-չես հավատում այս անձին կամ այն ուժին» և զբաղվում են պրիմիտիվ բաժանումներով ու որակավորումներով: Դա պարզունակ է դառնում, պրիմիտիվացնում է գործընթացը և դա չի խոսում ոչ միայն հասարակության քաղաքացիական արժեքների հաստատման մասին, այլ դա կարող է ազդել մեր ապագայի վրա»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ օրինակ՝ կայացած ուժերը՝ ՀԱԿ , «Ժառանգությունը» գործընթացներից դուրս մնացին, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ դրանք տարբեր պատճառներ ունեն: «Նախ՝ ՀԱԿ-ը ինչո՞ւ մասնակցի, երբ որ մասնակցում են ՀԱԿ-ի գաղափարներով շարժվող ուրիշ անձինք և ուժեր: ՀԱԿ-ը այս առումով ոչ թե չի մասնակցում, այլ մասնակցում է այլ դեմքերով՝ լինի դա արժեքային համակարգը, լինի սոցիալական, արտաքին հարցերում, ամեն տեղ մենք կարող ենք տեսնել ՀԱԿ-ի հստակ հետքերը: ՀԱԿ-ը բոլոր գաղափարախոսական, իմ կարծիքով՝ սխալ մոտեցումներով, ամբողջովին կա և դա արտահայտվում է ամենատարբեր ձևով, նրանց կողմից, ովքեր իրենց ներկայացնում են «Իմ քայլը» կամ ՔՊ-ն»«-ասաց նա:
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա ըստ Ալավերդյանի՝ «Ժառանգությունն» այդպես էլ չկարողացավ մոբիլիզացվել: «Կամ, ինչպես ասում են, ռեբրեդինգ անել այն պարտությունից հետո, որը կրել է Րաֆֆի Հովհաննիսյանն այդ ուժով տարիներ առաջ, և «Ժառանգությունն» այսօր մեծ մասով հասկանալի չէ և ծանոթ չէ մինչև անգամ իր արժեհամակարգով ու գաղափարախոսությամբ»:
Հիշեցնենք, որ Լարիսա Ալավերդյանը եղել է «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր:
Ինչ վերաբերում է առաջադրված ուժերին ու ապագա խորհրդարանի ձևավորմանը, ապա Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ունենալու ենք բավական ծանր պատկեր: «Մեծամասնությունը, բառիս բուն իմաստով, լինելու է ճնշող և ինչ-որ առումով փոքրամասնության մի մասն առնվազն պատրաստ է լինելու այդ ճնշման տակ հայտնվելով մինչև անգամ խոսել հայրենասիրության և հեղափոխության կողմնակից լինելու մասին: Սա է լինելու պատկերը, իսկ ովքեր կկարողանան իրապես ձայն հասցնել, ես կդժվարանամ ասել, որովհետև ես էլ եղել եմ ԱԺ-ում փոքրամասնության, ներկայացուցիչ, գիտեմ և՛ դրական կողմերը, հարցեր տալու, և՛ այլ, բայց հստակորեն դու ճնշված ես մեծամասնության այն հստակ ձևավորված մշակույթով, որ «շատ ենք ուրեմն ամենախելոքն ենք, ու վերջ»: Այս պատկերը, ցավոք սրտի, փոփոխված չի լինելու մեր նոր ԱԺ-ում, և այս առումով մեծ հեղափոխական փոփոխություններ, որպես այդպիսին, ես չեմ ակնկալում»,-ասաց նա:










