Պապուա Նոր Գվինեայում ԱԽՏՀ գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու դիմաց վարձատրություն չստացած ոստիկանները հարձակվել են խորհրդարանի վրա

16:15 • 20.11.18

Պապուա Նոր Գվինեայի ոստիկանությունը հարձակվել է մայրաքաղաք Պորտ Մորսբիում գտնվող խորհրդարանի շենքի վրա՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի ընթացքում կատարած աշխատանքի դիմաց վարձատրություն պահանջելով: Այս մասին հայտնում է CNN-ը:


Ոստիկանները դժգոհել են, որ ԱԽՏՀ գագաթնաժողովի բարեհաջող անցկացմանն աջակցելու դիմաց իշխանություններից ոչ մի փոխհատուցում չեն ստացել:


«Միանգամայն անընդունելի է, որ մեր ջանքերը չեն գնահատվում: Երախտագիտություն պետք է ցուցաբերվի այն մարդկանց, ովքեր դրան արժանի են, տվյալ դեպքում դա ոստիկանները, զինվորականները և անվտանգության աշխատակիցներն են», - հայտարարել են ոստիկանները:


Ոստիկանները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և շրջափակել այն, ապա հարձակում գործել: Հաղորդվում է, որ շենքում եղել են նախարարներ և քաղաքական գործիչներ: 


Ոստիկաններն ապարդյուն փորձել են կապ հաստատել քաղաքական գործիչների հետ:


Տեղական Post-Courier թերթի հրապարակած լուսանկարներում երևում է, որ շենքի ճակատամասը վնասված է, լուսամուտները՝ ջարդված:


Հարձակման հետևանքով տեղական ԶԼՄ-ների մի քանի աշխատակիցներ աննշան վնասվածքներ են ստացել: