Մեզ հետ անկեղծ էիք, հանրապետականներին չեք սիրում, բայց ժողովրդի հետ անկեղծ չէիք. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Ուզում եմ Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն հայտնել հսկայական քարոզչական նյութի համար: Շնորհակալություն բավական անկեղծ խոսակցության համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մեզ հետ անկեղծ էիք, հանրապետականներին չեք սիրում, խոստացել եք արմատախիլ անել, այսօր էլ ջախջախում էիք մեզ ուղիղ եթերում, բայց ժողովրդի հետ անկեղծ չէիք։ «Լայվ» մտնելու ցանկությունս առաջացավ ձեր պատճառով, ոչ այնքան ձեր ասածի պատճառով, որքան խանդի տեսարանի պատճառով, որ Դուք արտահայտեցիք իմ ընկերների հանդեպ, որոնք հանդգնել են «լայվ» մտնել: Ըստ ձեզ՝ դա միայն ձեր մենաշնորհն է։
Պարո՛ն վարչապետ, քիչ առաջ ասում էիք՝ բոլոր խոստումները կատարել եք, ասում էիք, որ արհեստական մենաշնորհներ եք վերացրել, դուք չունեք մենաշնորհ «Ֆեյսբուքում» «լայվի» և մի՛ դիտարկեք ձեզ մոնոպոլիստ, մի՛ խանդեք Արփինե Հովհաննիսյանին, Էդուարդ Շարմազանովին, Վիգեն Սարգսյանին, Արմեն Աշոտյանին»,– ասաց Արմեն Աշոտյանը։
Նա նշեց, որ ինքը երկար տարիներ ֆեյսբուքյան իր ակտիվությամբ առաջատարն է եղել:
Նշենք, որ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մամուլի ասուլիսում խոսելով ՊԵԿ-ի հայեցակարգի մասին, նշել է, որ ՀՀԿ-ականներն այդ թեմայով «լայվեր» էին անում:










