Հայ-թուրքական սահմանը վերահսկող ռուս սահմանապահները հաստատել են՝ տրակտորի գողության հետքերը Թուրքիա են տանում, իրենք փնտրում են, այլ նորություն չկա. տուժող
Արդեն 1 ամիս 20 օր է անցել գողությունից, բայց ոչ մի նորություն և ոչ մի պատասխան չկա, ուղղակի ռուսական սահմանապահներն ասում են, որ փնտրում ենք, դեռ չենք գտել ու վերջ:
Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզ Ամասիայի Գտաշեն գյուղի բնակիչ Նորիկ Կարապետյանը, ում հորեղբոր՝ Գոռ Կարապետյանին պատկանող տրակտորը և հակավորման սարքը հայ-թուրքական սահմանից գողացել են: Նորայր Կարապետյանը նշեց, որ ռուսական կողմը հաստատել է, որ հետքերով գողությունը կատարվել է Թուրքիայի կողմից, ինչն էլ նշանակում է, որ սահմանապահները չեն նկատել:
Նորայր Կարապետյանը նշեց, որ ռուս սահմանապահներն իրենց ասել են, որ փորձել են թուրքական կողմից տեսագրությունը խնդրել, այն կողմից պատասխանել են, թե սարքը չի աշխատում, տեսագրություն չունեն: «Ասացին, որ ամեն կերպ փորձել են գտնել, այսինքն՝ ռուսական կողմը շահագրգռված է եղել գտնել, ասել են, որ թուրք զինվորականների հետ են կապնվել, ասել, որ սարքի նկարածը տրամադրեք, տեսնենք՝ այդ գողությունն ով է արել, յանի իրենք էլ նայել են, ասել են, որ մեր կամերաները չեն աշխատում, և չեն կարող որևէ բան տրամադրել»,-ասաց նա:
Տուժող կողմի ներկայացուցիչը նաև նշեց, որ ՀՀ ԱԱԾ-ի Ամասիայի բաժնից ևս այդ հարցին միջամտել են, մասնակցել են պարզաբանումներին, գնացել սահման և այլն: «Եթե ամենքն իրենց գործն անեին, երևի այդպիսի բան չլիներ...տրակտորը կանգնեցրել է սահմանապահների քթի տակ, առավոտը չկա, ես չեմ, ու դուք եք, ի՞նչ կմտածեք: Իրենք չեն էլ հերքում, որ թուրքական կողմն է տարել, որովհետև անցակետով մեր սահմանից անցել է, այսինքն՝ ելքը կա, մուտքը չկա, և գողության հետքերը դեպի Թուրքիա են տանում»,-ասաց նա և նաև տեղեկացրեց, որ քրեական գործ են հարուցել ՀՀ ՔՕ 177 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափի գողություն՝ 7,3 մլն դրամ տրակտորը, 2,5 մլն դրամ հակավորման սարքը:
Հիշեցնենք, որ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ տրակտորիստ Գոռ Կարապետյանը պատշաճ թույլտվությամբ իր տրակտորով և հարկավորման սարքով անցաթղթով անցակետում հատել է հայ-թուրքական սահմանի ցանկապատը, սահմանապահ ուղեկալում գրանցվել է, և սկսել է խոտհարքում խոտի հունձը, տեխնիկական մի քանի շաբաթ մնացել է ուղեկալի մոտ, ինքը գնացել, եկել է գյուղ, ամեն անգամ տեխնիկական հանդից չի բերել-տարել գյուղ:
Ամբողջ սեպտեմբերը հունձ է արել: Սեպտեմբերի 30-ին թողել է տրակտորն ու հակավորման սարքը ուղեկալից 1500 մ հեռավորության վրա, մյուս օրը գնացել է, տեսել է՝ չկա: Սահմանապահներին տեղեկացրել է, թե գողացել են տրակտորը քթի տակից, հետները ելել է որոնելու, անվահետքերը տարել են Թուրքիայի կողմը:
Լևոն Բարսեղյանը եզրակացրել էր, որ նման կերպով սահման չեն պահում: «Սա այլանդակություն է՝ գողություն սահմանապահների քթի տակից: Ասում եմ, կարող է՞ էգուց քնած լինենք, գան, մեզ գողանան»,-գրել էր Բարսեղյանը և պահանջել՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ԱԱԾ-ն պարտավոր են հրապարակային բացատրություններ տալ տեղի ունեցածի մասին:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ խնդրի հետ ՊՆ-ն առնչություն չունի: ԱԱԾ-ից հարցին առնչվող պատասխան կստանանք ավելի ուշ:










